Հայաստանի մասին

Այցելե՛ք Ձեր Հայրենյաց երկիր Հայաստանը

1/1459/khorvirap_1024x682.jpg

Ներածություն

Հայաստանը մի երկիր է, որտեղ հյուրընկալությունը շարունակում է կարևորագույն արժեք լինել: Այստեղ «օտարական» հասկացությունը ծանոթ չէ տեղացիներին, ովքեր նոր ընկերներին ներկայացնելիս նախ օգտագործում են «ծանոթացեք, մեր հյուրն է», ապա արդեն «եղբայրս է» կամ «քույրս է» արտահայտությունները:
 
Դուք կզգաք Ձեզ ինչպես տանը թե´ հայկական քաղաքների հարմարավետության գրկում, և թե´ գյուղերում ու գյուղակներում, որտեղ Ձեզ կհյուրասիրեն տաք սուրճ (կամ ալկոհոլային ըմպելիք), և որտեղ տարեց կանայք կվերաբերվեն Ձեզ հարազատի պես: Վստահ եղեք, որ Ձեր հանդեպ հետաքրքրությունն ու ջերմ հյուրընկալությունը միանգամայն անկեղծ է:
 
Անկախ նրանից, թե´ Հայաստան այցելում եք առաջին անգամ, թե´ վերադառնում եք ընտանիքի ու ընկերների մոտ, այստեղ Դուք կարժանանաք ջերմ վերաբերմունքի:  
 
Մշակութային հարստությունը
 
Հայաստանն առանձնանում է իր հարուստ մշակույթով, որը հասու է գրեթե բոլորին: Հնագույն ժամանակներից ու քաղաքակրթության ակունքներից մինչև ժամանակակից արվեստը, երաժշտությունն ու պարը, անգամ խոհանոցն ու հյուրերին զվարճացնելու ձևերը կազմում են հայկական ինքնության անբաժան մասը: Ինչպես գորգագործության հնագույն արվեստը, որը հազարավոր տարիներ առաջ ներկայացրինք աշխարհին, այնպես էլ մեր մշակույթը վայրերի, հնչյունների ու ճաշակի գեղեցիկ համադրություն է:
 
Հնագույն առեղծվածները
 
Մի շարք մշակութային հարստություններ սերում են հին հայկական ծեսերից ու հավատալիքներից: 1 դ. թվագրվող Գառնու հելլենիստական տաճարը համարվում է աշխարհի կարևորագույն հունահռոմեական տաճարներից մեկը, որտեղից, ըստ ավանդության, սկիզբ է առել Միհր աստծու պաշտամունքը: Սրանից մոտ 900 տարի առաջ ուրարտացիներն արդեն կառուցել էին Էրեբունին՝ (ապագա Երևանը) իրենցից հետո թողնելով հարուստ մշակութային ժառանգություն:
 
Մեր քաղաքակրթության օրրանը
 
Պեղեք երկիրը, և Դուք կթակեք ժամանակի դարպասները: Արարատյան դաշտավայրը, որտեղ ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո իջել է Նոյը, պարունակում է բազմաթիվ հնագույն պեղումների վայրեր՝ բերդաքաղաքներ, որտեղ առաջին անգամ բրոնզ ու երկաթ է ձուլվել, և որտեղ ուսումնասիրել են գիշերային երկինքը:
 
Աստղերի դիտարկում 
 
Հայաստանում՝ լեռներում գտնվող ժայռապատկերների դաշտում, դուք կզգաք հին աստվածների ներկայությունը: Այստեղ գտնվող հնագույն աստղադիտարաններից ամենանշանավորն է Սիսիանի հարևանությամբ գտնվող Քարահունջը (Զորաց Քարեր):
 
Բնության բուժիչ ուժը
 
Ուսումնասիրելով Հայաստանի բնությունը՝ ձեզ համար կբացահայտեք դրա բուժիչ զորությունը, նոր լիցքեր ստանալու ու կուսական վայրերում ներաշխարհը զգալու հնարավորությունները: 
 
Այստեղ կարող եք վայելել լեռնային զով օդը կամ ընկղվել առուներով սնվող լճում: Ուսումնասիրեք Հայաստանի հարուստ բնությունը՝ ապաքինելով ձեր միտքը, մարմինն ու հոգին: Անկախ նրանից, թե նախընտրում եք լեռներ մագլցել, արշավների գնալ կամ պարզապես զմայլվել տեսարանով՝ Հայաստանի բնության ուժը չի դադարի ձեզ զարմացնել:
 
Հայաստանի երթուղիներն անցնում են խիտ անտառներով ու հարուստ բուսականությամբ ծածկված հարթավայրերով, ծաղկաշատ դաշտերով, առուներով ու գետերով: Եթե պարզապես զբոսնել եք ցանկանում, ընտրեք Ծաղկաձոր կամ Ջերմուկ առողջարանային քաղաքները որպես երթուղի, իսկ եթե ցանկանում եք այցելել ավելի դժվարամատչելի վայրեր, զբաղվել լեռնամագլցմամբ, մոռանալ առօրյա խնդիրներն ու լիցքաթափվել, ընտրեք Հայաստանի լեռները որպես ցանկալի նպատակատեղ: